Հայկական անիմացիոն կինոն մեծ ներուժ ունի. հոլիվուդյան պրոդյուսեր

06.10.2009, 13:06
Հայկական անիմացիոն կինոն մեծ ներուժ ունի. հոլիվուդյան պրոդյուսեր
Հայկական անիմացիոն կինոն մեծ ներուժ ունի. հոլիվուդյան պրոդյուսեր

Հայկական անիմացիոն կինոն մեծ ներուժ ունի, կարծում է անիմացիոն կինոյի հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Մաքս Հովարդը, ով գտնվում է Երևանում՝ «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում:

«Հայաստանը գտնվում է մշակույթների խաչմերուկում և ունի հարուստ մշակութային ժառանգություն: Այստեղ հիանալի հնարավորություններ կան կինոյի այդ ուղղության զարգացման համար», - երեքշաբթի լրագրողներին ասաց Հովարդը:

Պրոդյուսերը նշեց, որ անիմացիան միայն պատմությունների ներկայացման միջոց է, իսկ Հայաստանն իր հարուստ պատմությամբ և մշակույթով ունի բազմաթիվ պատմություններ, որոնք կարելի է վերածել անիմացիոն ֆիլմերի:

«Հայկական անիմացիոն կինոն ունի աշխարհը նվաճելու բոլոր հնարավորությունները, եթե օգտագործվի պատմական և մշակութային ներուժը», - ասաց Հովարդը:

Հոլիվուդյան պրոդյուսերի խոսքերով, Հայաստանում կան պատմություններ, որոնց հիման վրա յուրաքանչյուր անիմատոր կերազեր ֆիլմ նկարահանել:

«Ես մտածում եմ անիմացիոն ֆիլմ նկարահանել Արա Գեղեցիկի և Շամիրամ թագուհու մասին պատմող հայկական լեգենդի հիման վրա: Չեմ խոստանում, սակայն հնարավոր է՝ ես ստեղծեմ նման ֆիլմ», - նշեց Հովարդը:

Նա նաև ընդգծեց, որ ժամանակակից անիմացիոն կինոյում անհրաժեշտ է գտնել նոր մոտեցումներ՝ ավանդական թեմաները (սեր, ընկերություն, հեքիաթներ) մեկնաբանելու համար:

«ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվում է Հայաստանում հոկտեմբերի 3-6-ը:

ReAnimania նախագծի նպատակն է օգնել անիմացիոն արվեստի զարգացմանը, դաստիարակել համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերունդ և կազմակերպել համաժողով՝ համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար, ինչպես նաև ցուցադրել հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները:

Փառատոնին աջակցել են Հայաստանում Ֆրանսիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանատները:-0-