Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Քիշնևում, երեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք Երևանից Բաքու ենք ժամանել Քիշնևում հանդիպում անցկացնելու մասին համաձայնեցված առաջարկով: Ադրբեջանի նախագահը նույնպես տվեց համաձայնությունը», - ասել է նա:
Մերզլյակովը նաև նշել է, որ երկուշաբթի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ալիևը հույս է հայտնել, որ դրական դինամիկա կգրանցվի Քիշնևում կայանալիք բանակցային գործընթացի ժամանակ:-0-