Ֆրանսիական հայտնի Paris Match հանդեսն իր հոկտեմբերի առաջին համարում գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:
«Հայաստանի վերազարթոնքը» խորագրով ներդիրը բացվում է ֆրանսիական հասարակության երեք հանրաճանաչ դեմքերի խոսքերով, որոնք պատմում են իրենց հայկական արմատների և Հայաստանի հետ հոգեկան կապի մասին: Դրանք են «Պարի-Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Շառլ Վիլնյովը, Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Ալեն Պրոստը և երգչուհի Էլեն Սեգարան:
«Ինձ համար հայկականությունն առաջին հերթին հիշողության առջև պարտքն է» - ասում է «Պարի-Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Շառլ Վիլնյովը:
Ալեն Պրոստն իր հերթին նշում է, որ իր երեխաների երակներով հայկական արյուն է հոսում, նրանք դաստիարակվել են հայկական ոգով: Հայտնի երգչուհի Էլեն Սեգարան պատմում է իր մանկական հուշերի և Շառլ Ազնավուրի հետ երեք տարի առաջ Հայաստանում տված բացառիկ համերգի մասին:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիրում ներկայացված է վերաշենացող այսօրվա Հայաստանը, վաղվա նրա ձգտումները, նրա կշիռը տարածաշրջանում և տեղը ժամանակակից աշխարհում:
Ներդիրում ներառված է հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:-0-