Ադրբեջանը շարունակում է գերազանցել ԵՍԶՈՒ-ով սահմանված մակարդակները. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը շարունակում է գերազանցել ԵՍԶՈՒ-ով սահմանված մակարդակները զինտեխնիկայի գրեթե բոլոր տեսակների մասով, հայտարարելէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ադրբեջանի սպառազինումը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը անշուշտ մնում են մեզ համար որպես մտահոգության առարկա: Ադրբեջանը շարունակում է գերազանցել ԵՍԶՈՒ-ով սահմանված մակարդակները զինտեխնիկայի գրեթե բոլոր տեսակների մասով: Մենք բազմիցս տարբեր մակարդակներում բարձրացրել ենք այդ խնդիրը: Ցավոք, միջազգային հանրությունը լռում է: Հայաստանը մատնանշում է Ադրբեջանի սպառազինման խնդիրը», - ասել է նախագահը «The Armenian Reporter»-ին տված հարցազրույցում.
«Հայաստանը, միեւնույն ժամանակ, շարունակում է բարձրացնել իր պաշտպանվածության մակարդակը` ապահովելով ժամանակակից եւ առկա սպառնալիքներին համազոր զինատեսակների ձեռքբերում, բարձրացնելով իր ներգրավվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում եւ ընդլայնելով համագործակցությունը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ», - ասել է նախագահը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինման գործընթացին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, ապա, անշուշտ, առանց որոշ զինատեսակների տեղակայման եւ գործարկման շառավղի խնդիրները հստակեցնելու խոսք անգամ լինել չի կարող անվտանգության երաշխիքների առկա համակարգի վերանայման մասին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:-0-