ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ կառավարությունը 36 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի պոմպակայանների վերանորոգման համար, հաղորդում է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Հայաստանի» մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ 17 պոմպակայանների վերականգնման պայմանագիրը ստորագրվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի» և Ֆարմեքս Թեքնոլոջիս, Ֆլորիան Լոպեզ և Գաքսե Ինժեներ ֆրանսիական կոնսորցիումի միջև:
Պայմանագիրը ստորագրել են ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և Ֆարմեքս-ի նախագահ Նոուրեդին Սմալին:
Աշխատաքներն իրականացվելու են hիմնադրամի ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի ամենախոշոր պայմանագրի շրջանակներում:
Հիմնադրամից նշեցին, որ նախագծի իրագործումը կարևոր դեր կխաղա գյուղատնտեսության ոլորտի տնտեսական աճի միջոցով Հայաստանում աղքատության կրճատման գործընթացում:
«17 պոմպակայանների վերանորոգումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիկի, Տավուշի և Սյունիքի մարզերի թվով 100 համայնքների ավելի քան 182,000 շահառուներին կապահովի ոռոգման ջրի հուսալի մատակարարում, կնպաստի գյուղատնտեսական արտադրողականության աճին, ինչպես նաև կբարձրացնի էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Ներկայումս ավելի քան 31,000 հեկտար ոռոգվող հողատարածքներ ջրով են ապահովվում պոմպակայանների միջոցով, որոնք ոռոգման միակ աղբյուրն են տնամերձերը ոռոգելու համար:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն նաև վեց մայր ջրանցքների վերանորոգման, չորս ինքնահոս համակարգերի կառուցման, մոտ 70 համայնքներում ներտնտեսային ցանցերի բարելավման և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի բարելավման աշխատանքները:-0-