Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է նոր դինամիկայի հանգեցնել տարածաշրջանում. փորձագետ

01.10.2009, 19:26
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է նոր դինամիկայի հանգեցնել տարածաշրջանում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եթե հայ-թուրքակական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլն արվի երկու երկրների առջնորդների և հասարակությունների կողմից, այն միանգամայն նոր դինամիկայի կհանգեցնի  տարածաշրջանում, ասաց Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Օկսանա Անտոնենկոն:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

«Տարածաշրջանն ավելի կբացվի աշխարհի համար, հնարավոր կլինի կառուցել նոր կոնֆիգուրացիաներ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարաբերություններում»,- ասաց Անտոնենկոն հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտը Մեծ Կովկասում» Երևան-Կիև տեսակամուրջի ընթացքում: 

Անտոնենկոյի խոսքերով՝ նման զարգացումից Հայաստանը կշահի որոշակի մեկուսացումից դուրս գալու տեսակետից, երկիրը հնարավորություն կստանա ավելի էժան և հուսալի առևտուր իրականացնել արտաքին շուկաների հետ:

«Հայաստանը այդպիսով կդրսևորի իրեն՝ որպես շատ կարևոր ու պատասխանատու խաղացողի տարածաշրջանում, որն ավելի շատ ուշադրության է արժանի միջազգային հանրության ու տարածաշրջանային խաղացողների կողմից»,- ընդգծեց նա:  

Խոսելով Թուրքիայի շահերի մասին՝ Անտոնենկոն ասաց, որ այսօր Թուրքիան ավելի իմաստավորված ռազմավարական քաղաքականություն է վարում տարածաշրջանում:

«Մասամբ դա կապված է նրա հետ, որ Գերմանիայում ընտրություններից հետո ԵՄ մտնելու Թուրքիայի հեռանկարները խիստ թուլացան: Այս հարցը հնարավոր է առաջիկա հեռանկարում ընդհանրապես հանվի օրակարգից»,- պարզաբանեց նա:  

Փորձագետը կարծում է, որ եթե թուրքական ղեկավարությունն իր մեջ քաղաքական կամք գտնի և ստանա խորհրդարանի հավանությունը, ապա Թուրքիան կհայտարարի իր մասին՝ որպես Հարավային Կովկասում շատ կարևոր ռազմավարական խաղացողի և այդպիսով կկարողանա ավելի ակտիվ ընդգրկվել տարածաշրջանային գործընթացներում:

«Տնտեսական շահերն այստեղ նույնպես ակնհայտ են այն համատեքստում, որ Թուրքիայի սահմանամերձ շրջանները նույնպես տնտեսական զարգացման հնարավորություն կստանան»,- հավելեց նա:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները: --0--