Ղարաբաղյան հարցի լուծման համատեքստում պատերազմն անթույլատրելի է, հիմնահարցը պետք է քաղաքական ճանապարհով լուծել, ասաց «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վիկտոր Լիտովկինը:
«Պայմանավորվել պետք է: Ինչպե՞ս: Ես չէի ուզենա Երևանում իմ դեղատոմսերն առաջարկել, քանի որ առանց իմ լուծումների էլ կան մարդիկ, որոնք դա կանեն»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Կիև «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտը Մեծ Կովկասում» տեսակամուրջի ընթացքում:
Այս առնչությամբ Լիտովկինը նշեց, որ ուժերի բալանսը Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասար է:
«Հարցը ոչ միայն տանկերի, թնդանոթների, ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է, որ ունի այս կամ այն կողմը, այլ այս կամ այն ժողովուրդների պատրաստվածությունը պաշտպանելու սեփական տարածքն ու շահերը: Սա երբեմն անգամ բավականաչափ սպառազինության բացակայության դեպքում վճռորոշ դեր է խաղում»,- ընդգծեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-