Հայ ժողովուրդը երբեք չի կարողանա մոռանալ Ցեղասպանության փաստն ու դրա ծանրագույն հետևանքները. Հայաստանի նախագահ

01.10.2009, 16:50
Հայ ժողովուրդը երբեք չի կարողանա մոռանալ Ցեղասպանության փաստն ու դրա ծանրագույն հետևանքները. Հայաստանի նախագահ
Հայ ժողովուրդը երբեք չի կարողանա մոռանալ Ցեղասպանության փաստն ու դրա ծանրագույն հետևանքները. Հայաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը երբեք չի կարողանա մոռանալ Ցեղասպանության փաստն ու դրա ծանրագույն հետևանքները, հինգշաբթի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ծանր էր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, բայց մյուս կողմից` մենք հարևաններ ենք և պարտադրված ենք հարաբերություններ ունենալ: Սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթացը: Բայց հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում մոռանալ կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Սարգսյանը:

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ գործընթացի սկզբից ի վեր որևէ խոսք չի եղել և չկա նախապայմանների մասին:

Ինչպես նշել է Դեկերը, հայ-թուրքական հարաբերություններում լուրջ զարգացումներ են տեղի ունենում, և իսկապես պատմական պահ է վրա հասել:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:

Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:--0--