Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն. ՀՀ ԱԺ խոսնակ

01.10.2009, 14:30
Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն. ՀՀ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Թեհրանում իրանահայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն:

«Մենք հասկանում ենք սփյուռքի մեր եղբայրների և քույրերի անհանգստությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առկախումը հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումից: Նմանապես անընդունելի է այդ հարաբերությունների պայմանավորումը Արցախի հիմնահարցի կարգավորմամբ: Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն», - Հովիկ Աբրահամյանի խոսքերն է մեջբերում ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի: Այնտեղ նա ծաղկեպսակ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ապա հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 30-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ընդունելություն ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ, որին նաև մասնակցեց ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այդ միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Սեպտեմբերի 30-ի` լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանից վերադարձավ Երևան:--0--