ՀՀ արտգործնախարարը համագործակցության հարցեր է քննարկել հունգարացի և պորտուգալացի գործընկերների հետ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորք կատարած այցի ժամանակ հանդիպում ունեցավ հունգարացի իր գործընկեր Պետեր Բալաշի հետ, հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Հարավային Կովկասի խնդիրների, Եվրոպական միությունում ընթացող գործընթացների շուրջ:
Երկու երկրների համագործակցությունը և զարգացման հեռանկարները, տարածաշրջանային հարցերն ու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունն էին Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Ժաո Գեմեշ Կրավինհոյի հանդիպման գլխավոր թեմաները: Զրուցակիցները քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացմանը, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: -0-