ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստաալիքները քիչ են ուշադրություն դարձնում մանկական ծրագրերին, չորեքշաբթի ասաց հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը «Երեխաներն ու ԶԼՄ-ները» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Թոխատյանի կարծիքով, նման իրավիճակի պատճառը մանկական ծրագրերի «անշահութաբերությունն է»։
«Ինչ վերաբերում է մասնավոր հեռուստաալիքներին, նրանց իրավունքն է՝ ցուցադրել կամ չցուցադրել ոչ առևտրային հաղորդումներ։ Բայց Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է մեր կողմից վճարվող հարկերի հաշվին, պարտավոր է հեռարձակել որակյալ մանկական ծրագրեր»,- ընդգծեց դերասանը։
Նա կոչ արեց երեխաներին և երիտասարդության ներկայացուցիչներին իրենց առաջարկություններն ուղղել մանկական ծրագրերին։
«Եթե մանկական հաղորդումները որակապես ավելի լավը դառնան, ապա դրանք ավելի մեծ լսարաններ կներգրավեն, և, համապատասխանաբար, կբարձրանա հեռուստաալիքի վարկանիշը»,- ասաց Թոխատյանը։ -0-