Հայկական պետությունը կշարունակի սատարել տաղանդավոր երիտասարդությանը. նախագահ

29.09.2009, 19:55
Հայկական պետությունը կշարունակի սատարել տաղանդավոր երիտասարդությանը. նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական պետությունը կշարունակի սատարել տաղանդավոր երիտասարդությանը:

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, այս մասին Սարգսյանն ասել է ՏՏ ոլորտում ամենամյա նախագահական մրցանակի արժանացած 30 ուսանողների ու դպրոցականների հետ հանդիպման ժամանակ:

«Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված և ժամանակակից սերունդն է, առաջին հերթին նկատի ունենք այնպիսի երիտասարդներին, ինչպիսին դուք եք»,- ասել է նախագահը:

Նրա խոսքերով՝ այսօր աշխարհում հասարակությունների զարգացածության մակարդակը չափվում է նաև դրանցում բարձր տեխնոլոգիաների տարածվածության աստիճանով: Այդպիսի հասարակություննները ենթադրում են բարձր կրթական մակարդակ, փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում:

«Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը մրցունակ լինի, պարտավոր ենք լուծել այս խնդիրները: Ուզում եմ վստահեցնել, որ ձեր աշխատանքը պահանջված է, գնահատված, և պետությունը մշտապես սատարելու է ձեզ նման երիտասարդներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ: Երկրի ղեկավարը կարևորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնած և արդեն ավանդական դարձած  մրցանակաբաշխությունը` նշելով, որ այն ևս մեկ հնարավորություն է` բացահայտելու և զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները:

Իրենց հերթին մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավարությանը` ցուցաբերվող ուշադրության և գիտելիքների կատարելագործման ընձեռված հնարավորությունների համար:

Հանդիպմանը ներկա «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանն  ասել է, որ ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր ունի և շարունակելու է ներդրումները տեղեկատվական տեխնոլոգիաների գիտակրթական ոլորտում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ սա այն դեպքերից է, երբ պետության և մասնավոր ընկերության շահերը լավագույնս համընկնում են, ուստի, պետությունը պատրաստ է սատարելու ընկերության` այդ շահերին ծառայող նախաձեռնություններին:

Սերժ Սարգսյանը «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին պարգևատրել է հատուկ մրցանակով` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության կայացման գործում նշանակալի ավանդի համար: --0--