Գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումն անհնար է առանց տեղեկատվության ազատության, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տեղեկատվության ազատության կենտրոն հասարակական կազմակերպության կազմակերպած «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակի հանձնման արարողության ժամանակ:
«Ես մեծ կարևորություն եմ տալիս տեղեկատվության ազատությունը: Ժամանակակից աշխարհը հիմնված է տեղեկատվության ու գիտելիքի վրա: Գիտելիքը ժամանակակից աշխարհի շարժիչ ուժն է, և հաջողության կարող են հասնել միայն այն հասարակությունները, որոնք դա կհասկանան»,- ասաց վարչապետը:
Սարգսյանի խոսքերով՝ շուկայական տնտեսությունը անհնարին է պատկերացնել առանց հստակ ու ստույգ տեղեկատվության: Նա ընդգծեց նաև, որ տեղեկատվության բացակայությունը անբարենպաստ պայմաններ է ստեղծում բիզնեսի զարգացման համար:
«Հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանում զարգացնել գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը, եթե մենք չենք ապահովում դրա գլխավոր ռեսուրսը՝ տեղեկատվությունը: Այս փաստի գիտակցումը ստիպում է մեզ նորովի իմաստավորել տեղեկատվության ազատության խնդիրը»,- նշեց կառավարության ղեկավարը:
Սարգսյանը հայտարարեց, որ եթե որևէ պետական մարմին Հայաստանում ինչպես հարկն է տեղեկատվություն չտրամադրի, ապա դա պետք է տագնապալից փաստ լինի:
«Կառավարության ծրագրի համաձայն՝ գերատեսչությունների աշխատանքի արդյունավետության չափանիշներից մեկը քաղաքացիների համար հասանելի տեղեկատվությունը պետք է լինի»«- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ գերատեսչությունների հանդեպ վերահսկողությունը իրականացվելու է հետևյալ չափանիշներով. թե ինչ տեղեկատվություն պետք է գերատեսչությունները տրամադրեն հասարակայնությանը, որքան հաճախ են նրանք պարտավոր դա անել և ինչ ժամկետներում են նրանք պարտավոր տրամադրել այդ տեղեկատվությունը:
Վարչապետը կարևորել է կառավարության համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ այս հարցի լուծման գործում: -0-