Սփյուռքահայությունը, որի թվում մեծ մասամբ Ռուսաստանի հայրենակիցներն են, դիմել է Հայաստանի ղեկավարությանը հայ-թուրքական արձանագրությունները չստորագրելու կոչով:
«Մենք՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, սաստկացող տագնապով հետևում ենք, թե ինչպես է ընթանում այսպես կոչված «հայ-թուքական մերձեցման» գործընթացը: Ծնված լինելով Հայաստանի (ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան) տարբեր մարզերում՝ մենք չենք կարող անտարբերությամբ հետևել, թե ինչպես իբր բարիդրացիական, ազնիվ նպատակների ծածկի տակ փորձ է արվում դավաճանել Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու զրկել հայ ազգի ապագա սերունդներին պատմական հայրենիքի իրավունքից», - ասվում է ՀՀ նախագահին, խորհրդարանին և քաղաքական ուժերին հղած ուղերձում:
Ինչպես կարծում են սփյուռքի ներկայացուցիչները, հրապարակված փաստաթղթերը, որոնք նախատեսում են ստորագրել և վավերացնել Հայաստանում, պարունակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները, որոնց իրագործումն անդառնալի հետևանքների կհանգեցնի: Նախապայմանները հետևյալն են՝ ստեղծել պատմաբանների միջպետական հանձնաժողով, որի ստեղծումը կասկածի տակ կդնի Հայոց ցեղասպանության փաստն ու կհանգեցնի Ցեղասպանության հարցն ամբողջովին պատմական-բանավեճային հարթակ տեղափոխելուն՝ նման կերպով արգելակելով դրա միջազգային ճանաչումը, Հայաստանի կողմից երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի ճանաչումը, ինչը, ըստ էության, համարվում է, որ Հայաստանը ճանաչում է Մոսկվայի, Ղարսի և Լոզանի հանցավոր պայմանագրերը:
«Փաստաթղթերի տվյալների հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր մեկ այլ նախապայմանը՝ պնդելով, որ երբեք Ադրբեջանի շահերին հակասող քայլեր չի ձեռնարկի: Այսինքն, Թուրքիան շարունակում է կապել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ: Փաստաթղթերում ևս կան նախադրյալներ, որոնցում կողմերը, ճանաչելով պետությունների տարածքային ամբողջականության իրավունքը, ոչ մի խոսք չեն ասում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին», - ասվում է ուղերձում:
Սփյուռքի ներկայացուցիչները կարծում են, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի գաղութացման իրավաբանական հիմնավորումներն են, իսկ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները կարող են հաստատվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և ոտնահարված հայ ժողովրդի իրավունքների վերականգնումից հետո:
«Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հայ ազգի ազգային և պետական իրավունքների հաշվին: Անընդունելի է Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ հարցերի լուծումն առանց հաշվի առնելու հայ ազգի մեծամասնությունը կազմող Սփյուռքի կարծիքը», - նշվում է փաստաթղթում:
«Այն պայմաններում, երբ Հայաստանին և հայ ժողովրդին կրկին վտանգ է սպառնում, մենք կոչ ենք անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին, հայկական հասարակությանն ու Հայաստանի քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ու հնարավոր բոլոր միջոցներով բացառել մեր ազգի վզին փաթաթվող փաստաթղթերի ստորագրումը, որոնք անդառնալի կորուստների են հանգեցնում», - ասվում է ուղերձում:
Սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկում են հիմնել ՀՀ նախագահին առընթեր Հանրային համազգային խորհուրդ, որը բաղկացած կլինի Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ջավախքի և Սփյուռքի ներկայացուցիչներից՝ Հայոց Աշխարհի այդ սուբյեկտներում հայերի թիվն արտացոլող հարաբերակցությամբ: Այդ խորհուրդը պետք է հայ-թուրքական հարաբերությունների հարցը դուրս բերի ՀՀ ԱԳՆ-ի տնօրինումից՝ զրկելով նրան համայն հայության կարծիքը պահանջող որոշումների ընդունման իրավունքից:
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-