ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում ստի մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուին:
Սեպտեմբերի 25-ին Սաբիրօղլուն կրկին հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, որտեղ նշում է, թե վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների ժամանակ, իբր վատ կառավարման հետևանքով, զոհվել է 10 հայ զինծառայող, իսկ վերջին զորավարժության ժամանակ 76 զինծառայող հրաժարվել է մասնակցել ուսումնական վարժանքներին:
«Արդեն սովորական դարձած ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սաբիրօղլուի հաղորդած լուրերը բացարձակ սուտ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ և ընդամենը Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի հիվանդ երևակայության հետևանք են», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ:
«Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս ցանկալին որպես իրականություն ներկայացնելու և զավեշտալի ստեր տարածելու փոխարեն զբաղվել սեփական բանակում տիրող անմխիթար վիճակով և անմարդկային բարքերի վերացմամբ», - նշվում է հայտարարության մեջ:-0-