ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները անհանգստություն են առաջ բերում, բայց չեն սպառնում ՀՀ ազգային անվտանգությանը, ասաց ՀՀ իշխող Հանրապետական կուսակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները իրական մտահոգության առաջ չեն բերում, բայց այս առնչությամբ պետք չէ հրաժարվել այդ արձանագրություններից, քանի որ դրանցում ոչ մի նախապայման չկա և չկան դրույթներ, որոնք կսպառնային Հայաստանի ազգային անվտանգությանը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
Մելիքյանի խոսքերով, նման անհանգստությունը կարող է արտահայտվել նրանով, որ առաջին անգամ 90-ամյա դադարից հետո կարող են բացվել Թուրքիայի և Հայաստանի սահմանները, և այդ ժամանակ կծագեն ոչ միայն որոշակի քաղաքական, այլև տնտեսական, սոցիալական, մշակութային, իրավական ու հարկային հարցերի հետ կապված բազում խնդիրներ:
Նա վստահ է, որ Հայաստանի իշխանությունները և հայկական ողջ սփյուռքը երբեք ետ չեն կանգնի 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից:
«Մենք երբեք չենք համաձայնի Թուրքիայի այն առաջարկներին, որոնք իրենցում նախապայմաններ ներառեն, այդ թվում և Ցեղասպանության հարցով: Այդ առումով Թուրքիայում իսկապես գիտակցում են, որ ամբողջ աշխարհի հայերը երբեք չեն հրաժարվի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից»,- ընդգծեց պատգամավորը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-