ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ից այցելությունների շարք է սկսելու հայկական մեծ գաղթօջախներ՝ հայ-թուրքական հարաբերությունների քննարկման նպատակով:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ նախագահը հայտնել է հինգշաբթի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ:
«Նախագահ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի մեկից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ», - ասվում է տեղեկատվության մեջ:
ՀՀ նախագահն ասել է, որ հայ-թուրքական գործընթացը թևակոխել է մի շատ կարևոր` հասարակական-քաղաքական քննարկումների փուլ:
Նրա խոսքերով, գնալով ընդլայնվող քննարկումներն ինքնին շատ օգտակար են, «քանի որ անկախ այն բանից` հրապարակված արձանագրությունները կստորագրվեն, թե ոչ, կվավերացվեն, թե ոչ, քննարկումները լավ հարթակ են` խոսելու մեր հարաբերությունների և խնդիրների մասին»:
ՀՀ նախագահի խոսքերով, քննարկումներում կան հուզական երևույթներ և տարրեր: «Այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաև պապենական տների մնացորդները», - ասել է ՀՀ նախագահը:
«Ես դա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ հույզերի հետ: Բայց, այդուհանդերձ, համոզված եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են»,- ասել է երկրի ղեկավարը:
Գարեգին Երկրորդն իր հերթին ողջունել է նախագահի համահայկական ուղևորության նախաձեռնությունը:
«Սփյուռքը մեր ժողովրդի կարևոր և անբաժանելի մասն է, և ճիշտ է, որ Սփյուռքի մեր զավակները, ովքեր այս օրերին նույնպես բուռն քննարկում են հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը, հնարավորություն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև Դուք հաղորդ դառնաք Սփյուռքի մեր զավակների մտածումներին, տեսակետներին և մտահոգություններին», - ասել է Գարեգին Երկրորդը:
Կաթողիկոսը հայտնել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախաստորագրված փաստաթղթերը և հանդես է գալու համապատասխան հայտարարությամբ:
«Մեծարգո նախագահ, մաղթում ենք Ձեզ հաջողություններ: Աստծո օրհնությունն ու օգնականությունը Ձեզ այս կարևոր ճամփին»,-ասել է Վեհափառը:
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-