ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հոկտեմբերի 23-ից 26-ը հեծանվավազքի միջազգային մրցաշար կանցկացվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:
«Մրցաշարին կմասնակցեն Իրանի, Վրաստանի, Թուրքիայի թիմերը, և նախնական բանակցությունների համաձայն, մրցաշարին կարող է մասնակցել նաև Նիգերիայի թիմը», - ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքերով, Հայաստանը կներակայացնի երկու թիմ, իսկ մյուս երկրները կներկայացնեն մեկական թիմ: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է վեց հոգուց:
«Նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում, սակայն մենք ծրագրում ենք այն ավանդական դարձնել», - նշեց Գրիգորյանը:
Նրա խոսքերով, մրցաշարը կանցկացվի Ալավերդի-Օձուն, Ալավերդի-Հաղպատ և Ալավերդի-Ախթալա երթուղով:
Գրիգորյանը նաև նշեց, որ մրցաշարի ընթացքում կձեռնարկվեն անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մարզիկների հանգիստ տեղաշարժի համար:-0-