Սեպտեմբերի 22-26-ը Հայաստանում ինտերակտիվ արվեստի աննախադեպ փառատոն կանցկացվի, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ինտերակտիվ արվեստի փառատոնի նախագահ Հայկ Սեկոյանը:
«Հինգ օրվա ընթացքում Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի դատին կհանձնվեն ինտերակտիվ բեմադրություններ 4 պրոֆեսիոնալ թատերական խմբերի կատարմամբ Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից»,- հայտնեց Սեկոյանը:
Սեկոյանի խոսքերով, չնայած ծրագրի ոչ մեծ մասշտաբին, բեմադրությունների թեմատիկան բավականին բազմազան է և ընդգրկում է ժամանակակից կյանքի արդիական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանությունը, հանդուրժողականության, բազմակարծության և հակամարտությունների խաղաղ կարգավորման թեմատիկան:
Ինտերակտիվ «Ֆորում թատրոն» մեթոդը մշակվել է յոթանասունական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից` նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարևոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:
Բոալը նաև օրիգինալ ժանրի մի քանի թատրոնների հիմնադիր է՝ ժողովրդական թատրոն, բողոքի թատրոն, ինտերակտիվ ու կրթական թատրոններ, թերապևտիկ թատրոն և օրենսդրության թատրոն: Բոալը նաև «հանդիսատես-դերասան» («spect-acteur») առանձնահատուկ կերպարի ստեղծողն է:
Ինչպես հայտնեց Սեկոյանը, փառատոնի շրջանակներում ծրագրվում է պրոֆեսիոնալ վերապատրաստման եռօրյա դասընթացի անցկացում փառատոնի պատվավոր հյուր, Ֆորում թատրոնների հայտնի բրիտանացի մասնագետ, Ինտերակտիվ արվեստի աննախադեպ փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարին Չափման Քլարքի ղեկավարությամբ:
«Ինտերակտիվ թատրոնի մտահղացումը թատերական բեմադրության մեջ անմիջապես հանդիսատեսին ներգրավելն է, հանդիսատեսի և դերասանի միջև անտեսանելի պատնեշը քանդելն ու նրան մտածել ստիպելը»,- ասաց Քլարքը:
Չնայած որ այս տարի վարպետության դասերը կանցկացվեն միայն փառատոնի մասնակիցների համար, Սեկոյանը հույս հայտնեց, որ ապագայում դասընթացներին կմասնակցեն նաև բոլոր ցանկացողները:
Ինչպես հայտնեց Սեկոյանը, ընդհանուր առմամբ Հայաստանում գոյություն ունի ինտերակտիվ թատրոնի երեք խումբ, սակայն այս տարի փառատոնին կմասնակցեն դրանցից երկուսը:
«Նախագիծն ուղղված է Հայաստանում օրիգինալ ինտերակտիվ թատրոնի արագացմանը, դրա հետագա զարգացմանն ու տարածմանը»,- նշեց Հարավային Կովկասի տարածաշրջանի Բրիտանական խորհրդի ղեկավար Փոլ Դաբլդեյը:
Ինտերակտիվ արվեստի փառատոնն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և Բրիտանական Խորհրդի աջակցությամբ: -0-