Հայաստանի խաղաղապահ բրիգադի մարտավարական վարժանքները կանցկացվեն հոկտեմբերի 12-16-ը

22.09.2009, 16:00
Հայաստանի խաղաղապահ բրիգադի մարտավարական վարժանքները կանցկացվեն հոկտեմբերի 12-16-ը
Հայաստանի խաղաղապահ բրիգադի մարտավարական վարժանքները կանցկացվեն հոկտեմբերի 12-16-ը

Երեքշանթի Երևանում անցկացվեց հայ-ամերիկյան շտաբային վարժանքն ավարտելու կապակցությամբ զինծառայողներին վկայագիր հանձնելու արարողությունը:

«Այսօր ավարտվեց պաշտպանական համագործակցության հայ-ամերիկյան ծրագրի կարևոր մի միջոցառում։ Ավարտվեց Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, սպայական կազմի և Գլխավոր շտաբի մի շարք վարչությունների ներկայացուցիչների համար կազմակերպած ութշաբաթյա հայ-ամերիկյան շտաբային վարժանքը»,- վկայագիր հանձնելու արարողության ընթացքում  հայտնեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը։

Ըստ նրա, նման շտաբային վարժանքները Հայաստանի ԶՈՒ-ում առաջին անգամ են անցկացվել։

Նա նշեց, որ վարժանքների մասնակիցներն առաջին լուրջ քննությունը կհանձնեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ից-16-ը։ Կանցկացվեն խաղաղապահ բրիգադի մարտավարական վարժանքներ՝ հատուկ չափանիշներով օպերատիվ հնարավորությունների ստուգմամբ։

Ապրիամովը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին և ամերիկացի հրահանգիչներին շտաբային վարժանքների կազմակերպման և բարձր մակարդակով անցկացնելու համար։

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ռոբերտ Վեբսթերը շնորհակալություն հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության և խաղաղապահ բրիգադի սպաներին։

«Հայաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը բազմիցս ասել են, որ ԶՈՒ և կառավարության համար կարևոր է, որպեսզի Հայաստանը ոչ միայն լինի անվտանգության սպառող, այլ ակտիվ մասնակցություն ունենա դրա ապահովման գործում»,- ասաց Վեբստերը։

Սկսած մարտի 30-ից՝ ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության նախաձեռնությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում  գործում է խաղաղապահներ պատրաստող հրահանգիչների արտագնա խումբ։

ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը Հայաստանում գործում  է  ԱՄՆ առաքելության և Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո։ -0-