ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նվոստի-Արմենիա/. Նախաստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները՝ Հայաստանը ստացավ այն, ինչ կարող էր ստանալ ներկայիս պայմաններում, ասաց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյան:
«Եթե ռեալ մոտենանք, ապա պետք է ասեմ, որ հայկական կողմը ստացավ եթե ոչ 100 տոկոսով, ապա գոնե զգալի մասով այն, ինչ կարող էր ստանալ այսօրվա պայմաններում` գործ ունենալով նման հզոր պետության հետ, որն ունի ամենահզոր տնտեսություններից մեկը, ամենահզոր բանակներից մեկը, ամենախոշոր տարածքներից մեկը»,- ասաց Միհրանյանը ուրբաթ Մամուլի ազգային ակումբում:
Նրա խոսքերով՝ սրան հաջողվեց հասնել ոչ միայն Հայաստանի փոքր ռեսուրսներն օգտագործելով: «Հայկական կողմը հազիվ թե կարողանար հասնել այս արդյունքին առանց այս գործընթացում ԱՄՆ-ի ակտիվ մասնակցության ու Ռուսաստանի կողմից բացահայտ սատարման»,- ասաց քաղաքագետը:
«Ես դրական եմ գնահատում փաստաթղթերի նախաստորագրումը: Դրանք անթերի չեն, ես որոշակի դիտողություններ ունեմ որոշ կետերի շուրջ, բայց որպես մասնագետ միջազգային հարաբերությունների բնագավառում՝ ես գիտեմ, թե որքան բարդ է հասնել մի փաստաթղթի, որը լիովին գոհացնի կողմերին»,- հավելեց Միհրանյանը:
Նրա խոսքերով՝ կամք ու վճռականություն է պետք այս խնդիրը լուծելու համար, և ուրախալի է, որ Հայաստանի իշխանությունները իսկապես իրենց վրա են վերցնում այդ պատասխանատվությունն ու պատրաստ են գնալ մինչև վերջ:
Նրա խոսքերով՝ Հայաստանում գոյություն ունի պատմական հիշողություն, իսկ շատ մարդիկ, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում Թուրքիայի հետ հարաբերություններին ավելի շուտ միֆական, քան իրական բնույթ են վերագրում:
«Ես կանխատեսում եմ, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում կլինեն պայմանագրի ստորագրմանը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, սոցիալ-տնտեսական և մշակութային կապերի հաստատմանը դեմ հանդես եկող ուժեր, բայց վստահ եմ՝ հասարակության մեծ մասը երկու երկրներում էլ կհասկանա, որ ներկայիս պայմաններում հարաբերությունների նորմալացումը ռազմավարական բնույթ ունի, և այս գործընթացի տապալումը կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել, քան հարցի լուծումը՝ թեկուզ և որոշ թերություններով: Սակայն սա կարող է մի փուլ լինել, որն ապագայում կարող է ավելի բարդ հարցերի լուծման հանգեցնել»,- ասաց փորձագետը:
Միհրանյանը հավելեց նաև, որ այսօր խոսել Թուրքիայի կողմից նյութական կամ տարածքային փոխհատուցումների մասին՝ իրական չէ, սակայն ստեղծվող երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի զղջալու հետ կապված:
Խոսելով արձանագրություններում երկրների կողմից տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կետի ներառման մասին՝ փորձագետը նշեց, որ դա չի նշանակում, որ այդ խնդիրը հետագայում չի կարող բարձրացվել: Ընդ որում նա հավելեց, որ արձանագրություններում ընդգրկված չեն նախկինում հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանները:
Միհրանյանը կարծում է, որ Հայաստանը շահեկան վիճակում կհայտնվի, եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի այդ արձանագրությունը:
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»:
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում