Ուլյանովսկում հայկական եկեղեցի կկառուցվի
Առաջիկայում Ուլյանովսկում կսկսվեն հայկական եկեղեցու կառուցման աշխատանքները: Ինչպես »Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, այս մասին հայտարարվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի՝ չորեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում:
Մորոզովի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Շիրակի մարզի հետ համագործակցություն հաստատելու շրջանակներում:
«Հանդիպմանը Նորին Սրբությանը ներկայացվեցին Ուլյանովսկի նահանգապետի այցի արդյունքները, ՀՀ Շիրակի մարզի և ՌԴ Ուլյանովսկի նահանգի միջև ձևավորվող համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Ուլյանովսկի նահանգի հայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքին, տեղեկացվեց, որ առաջիկային Ուլյանովսկում կսկսվեն հայկական եկեղեցու կառուցման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկատվական համակարգից նշեցին, որ զրույցի ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների, ինչպես նաև ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտության մասին:-0-