ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2001-ից 2009 թթ.-ին ԱՄՆ կառավարությունից 12 մլն դոլար է ստացել իրավապահ ոլորտի աջակցության ծրագրերի համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Նրա խոսքերով՝ համագործակցությունն այս տարիների ընթացքում բավականին հաջող է եղել, սակայն դեռ շատ բան կա անելու:
Մասնավորապես, նա նշեց քրեափորձագիտական ինստիտուտի զարգացման ու սատարման իրականացված ծրագրերը, «որի փորձը վկայում է բավականին բարեհաջող համագործակցության մասին»:
Այլ առաջնահերթ ծրագրերի թվում դեսպանը նշեց փողերի լվացման դեմ պայքարի հարցերը, որի շրջանակներում ՀՀ ԿԲ Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի միջոցով հայտնաբերվել են որոշ փաստեր, իսկ պատասխանատու անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել:
«Մենք հպարտ ենք, որ վերջին 8 տարում հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարության գործընկեր՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, իրավական համակարգի հիմքերի ամրապնդման հարցերում, և կարծում ենք, որ մեր համագործակցության արդյունքները բավականին ակնհայտ են»,- ասաց Յովանովիչը:
Չորեքշաբթի Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Մարի Յովանովիչը և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկու արձանագրություն ստորագրեցին՝ իրավական ոլորտի բարեփոխումների և թմրանյութերի վերահսկողության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, որոնց շրջանակներում ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 2,3 մլն դոլար: -0-