Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների գործով համաներմամբ ազատ արձակված պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ մտադիր չէ հրաժարվել մանդատից:
Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է շարունակել աշխատել որպես պատգամավոր:
Ինչպես խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ հայտնեց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում են ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու մասին:
«Խաչատուր Սուքիասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր դիմումներ են ներկայացրել մանդատներից հրաժարվելու մասին: ՀՀ ԱԺ կանոնադրության համաձայն՝ եթե պատգամավորները 15 օրվա ընթացքում ետ չվերցնեն իրենց դիմումները, դրանք ընդունված կհամարվեն»,- ասաց Աբրահամյանը:
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ին հրաժարվեց պատգամավորական մանդատից: Այդ տեղեկատվությունը կուսակցությունում բացատրեցին անձնական դրդապատճառներով՝ կապված արտաքին քաղաքականության վերաբերյալ երկրի ունեցած դիրքորոշման հետ, այնինչ ինքը՝ Հովհաննիսյանը, այդ առիթով հանրային հայտարարություններով հանդես չի եկել։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր և խոշոր ձեռներեց Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրություններում սատարում էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գտնվում էր հետախուզման մեջ 2008թ.-ի մարտի 1-2 զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Սեպտեմբերի 1-ին Խաչատուր Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Նրա նկատմամբ որպես կասեցման միջոց է ընտրվել կալանքը Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրության հիման վրա:
2008թ. մարտի 4-ին ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ չորս պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին և Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին։--0--