Չինաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասաց Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:
Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների, մասնավորապես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման, մերձավորարևելյան կարգավորման, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների վերացման և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:
Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Որոշվեց հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ս.թ. դեկտեմբերին Պեկինում: -0-