ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել երեխաների ու դեռահասների առողջության պահպանության ազգային ռազմավարությանը, ինչպես նաև 2010-2015 թթ.-ի միջոցառումների համապատասխան ծրագրին:
Ինչպես հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ռազմավարությունը մշակվել է հայ խորհրդարանականների ու միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Հավանության արժանացած ռազմավարության մեջ ենթադրվում է մի շարք հիմնական խնդիրների լուծումը, որոնց թվում նշված են երեխաների ու դեռահասների սննդի որակի ու առողջության վիճակի բարելավումը, երեխաների ու դեռահասների տարիքին համապատասխան աճի ու զարգացման ապահովումը, հիվանդությունների պրոֆիլակտիկայի և պատվաստումների բոլոր ծրագրերում ներգրավվածության մակարդակի բարձրացումը, երեխաների հիվանդացության ու մահացության մակարդակի կրճատումը, աճող սերնդի շրջանում հաշմանդամության կասեցումը:
Ինչպես ասվում է երկրի առողջապահության նախարարության հիմնավորման մեջ, երեխաները ցանկացած հասարակության ապագան են, և նրանց առողջությունը տնտեսական ու սոցիալական զարգացման կարևորագույն երաշխիքներից է:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի հանրապետության անկախության հռչակման օրից, այն, որպես ՄԱԿ-ի անդամ, միացել է երեխաների առողջության պահպանման միջազգային կոնվենցիաներին ու հռչակագրերին:
Հայաստանի բնակչության թիվը, վերջին պաշտոնական տվյալներով 2009 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, 3 մլն 240,7 հազար մարդ է:
Մինչև 18 տարեկան երեխաների ու դեռահասների թիվը 2009 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով շուրջ 900 հազար է: -0-