Հայաստանի հավաքականը բելգիացի ֆուտբոլիստներին դաս է տվել. Բելգիայի հավաքականի մարզիչ

10.09.2009, 13:59
Հայաստանի հավաքականը բելգիացի ֆուտբոլիստներին դաս է տվել. Բելգիայի հավաքականի մարզիչ

Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները դաս են տվել իր սաներին՝ չորեքշաբթի աշխարհի առաջնության ընտրական փուլում հաղթելով 2:1 հաշվով:

«Հայաստանի հավաքականը մեզ դաս տվեց, թե ինչպես, ունենալով ավելի թույլ ֆուտբոլիստներ, կարելի է հաղթել կամքի և ցանկության հաշվին», - ասել է Վերկոտերենը ֆուտբոլիային հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ չորեքշաբթի բելգիացի ֆուտբոլիստների խաղը չարտացոլեց թիմի իրական մակարդակը: Նա ավելացրել է, որ Բելգիայի հավաքականը ներուժ ունի, և անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում չխաղացին թիմի երեք հիմնական ֆուտբոլիստները:

Հայաստանի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին ասել է, որ Բելգիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների (ում Հայաստանի հավաքականը նախորդ շաբաթ զիջեց 0:2 հաշվով) հետ խաղերում Հայաստանի հավաքականների խաղի որակը չի տարբերվել: Սակայն նրա խոսքերով՝ արդյունքի վրա ազդել է բոսնիացիների ավելի բարձր մակարդակը:

Հայաստանի հավաքականի մարզիչը նշել է, որ չնայած ինքը գրոհող գործողությունների կողմնակից է, սակայն բելգիացիների հետ հանդիպման ժամանակ կարգադրել էր իրականացնել հեռահար հարվածներ: «Միայն նման ճնշման շնորհիվ է հնարավոր ստիպել հակառակորդի դարպասապահին սխալվել, ինչն արդյունքում տեղի ունեցավ», - ասել է Մինասյանը:

Հայկական հավաքականի կազմում առաջին գոլի հեղինակ (երկրորդ գոլի հեղինակն է Սարգիս Հովսեփյանը), բելառուսական ԲԱՏԷ-ի հարձակվող Հովհաննես Գոհարյանը հայտարարել է, որ շատ ուրախ է խփած գնդակի համար, քանի որ իրեն արդեն երեք ամիս է չէր հաջողվում պաշտոնական հանդիպումներում գոլ խփել, նման բան նրա հետ երբեք տեղի չէր ունեցել: Նրա խոսքերով՝ Հայաստանի հավաքականն այս հանդիպման ժամանակ ցույց տվեց սեփական բնավորությունը:

Խոսելով ԲԱՏԷ-ում իր խաղի մասին՝ Գոհարյանն ասել է, որ ստացված վնասվածքից հետո հիմնականում փոխարինման է դուրս գալիս, սակայն իր խաղով հույս ունի փոխել իրավիճակը:

Նրա խոսքերով՝ ԲԱՏԷ-ն Եվրոպայի Լիգայի խմբային փուլում բարդ խմբում է հայտնվել (անգլիական «Էվերթոնի», հունական ԱԷԿ-ի և պորտուգալական «Բենֆիկայի» հետ), և ինքը կփորձի անել ամեն ինչ՝ սեփական թիմին օգնելու համար:

Հայաստանի և Բելգիայի հավաքականները Իսպանիայի, Թուրքիայի, Էստոնիայի, Բոսնիա և Հերցեգովիանայի հավաքականների հետ միասին ներառվել են եվրոպական գոտու հինգերորդ խմբի մեջ:-0-