ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական կարգավորման արձանագրությունների վավերացումն առանց Կարսի պայմանագրի դենոնսացիայի կարող է հանգեցնել Հայաստանի իշխանության վերջնական ապակայունացման, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված Կարսի պայմանագրով սահմանվում էր Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը։ Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետություն է կազմում Ադրբեջանի հովանավորությամբ։
«Եթե հայկական իշխանությունները քայլեր ձեռնարկեն արձանագրւոթյունների ստորագրման ուղղությամբ` առանց Կարսի պայմանագրի նախնական դենոնսացիայի, որն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, դա կլինի հանրապետության կառավարման՝ առանց այդ էլ խարխլված համակարգի վերջնական փլուզում»,-նշեց Մելիքյանը։
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:
Նախկին նախարարի խոսքերով՝ Կարսի պայմանագրի դենոնսացիայի հարցը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացում։
Մելիքյանի կարծիքով՝ եթե հայկական իշխանություններին չհաջողվի պաշտպանել սեփական տեսակետն այդ հարցում, ապա դա կվկայի «իշխանությունների ցածր որակի մասին»։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-