Արոնյանը հասել է Գրիշչուկին Մեծ Սաղավարտի շարքի շախմատային մրցաշարի եզրափակչում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, «Մեծ Սաղավարտի» շարքի Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի եզրափակիչ մրցաշարի 3-րդ տուրում հաղթանակ տանելով, հասավ առաջատարի Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան), հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն` Արոնյանը սև խաղաքարերով կարողացել է հաղթանակ տանել իսպանացի գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Մրցաշարի առաջատար Գրիշչուկը սև խաղաքարերով պարտություն է կրել ուկրաինացի Սերգեյ Կարյակինից:
Մրցաշարային դրությունն է. Արոնյան և Գրիշչուկ՝ 6 միավոր, Կարյակին՝ 4, Շիրով՝ 1: (Մեծ սաղավարտի մրցաշարերում միավորների հաշվումը տարբերվում է շախմատում ընդունված ձևից` 3 միավոր հաղթանակի համար, 1՝ ոչ-ոքիի):
Չորեքշաբթի մրցաշարում հանգստի օր կլինի, իսկ արդեն հինգշաբթի հանդիսատեսը սպասում է մրցաշարի առաջատարների հանդիպմանը. Արոնյանը սպիտակներով կխաղա Գրիշչուկի հետ: Իր հերթին Շիրովը Կարյակինի հետ հանդիպման ժամանակ կփորձի տանել այս մրցաշարում իր առաջին հաղթանակը:
Բիլբաոյում անցկացվող շախմատի 22-րդ կատեգորիայի գերմրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել «Մեծ սաղավարտի» գերմրցաշարի շարքի հաղթողները՝ Վեյկ-ան Զեեում (Նիդեռլանդներ)՝ Կարյակինը, Լինարեսում (Իսպանիա)՝ Գրիշչուկը, Սոֆիայում՝ (Բուլղարիա)՝ Շիրովը և Նանկինում (Չինաստան)՝ Տոպալովը, ով հրաժարվել է մասնակցել եզրափակչին և նրան փոխարինել է երկրորդ տեղը զբաղեցրած Արոնյանը:
Բիլբաոյում անցկացվող երկշրջան մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 12-ին:-0-