Կինոռեժիսոր և դերասան Ժիրայր Բաբազյանը երկու բեմադրություն կներկայացնի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում
Ֆրանսիացի կինոռեժիսոր և դերասան Ժիրայր Բաբազյանը շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում երկու ադապտացված բեմադրություն կներկայացնի «Ամառային գիշերվա երազ»՝ Շեքսպիրի համանույն պիեսի հիման վրա և Սերվանտեսի «Դոն Քիշոտը» ֆրանսերով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ռեժիսորը:
Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 8-20-ը: Այս տարի մոնոներկայացումներից բացի հանդիսատեսի դատին կհանձնվեն նաև ավելի ծավալուն գործեր, առանձին ծրագրով նախատեսվում է Ալեքսանդր Կալյագինի «Կսպանեմ արքա» և Իրինա Բրուկի «Դոն Քիշոտ» ներկայացումների ցուցադրությունը:
Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան խմբեր Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից և Իրանից:
Ներկայացումներից երկուսում էլ հանդես եկող ռեժիսոր և դերասան Բաբազյանը ուրախություն է հայտնել հայ հանդիսատեսի հետ հանդիպման համար:
«Ողջ կյանքում ես փորձել եմ բեմի միջոցով Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին»,- ասաց նա:
1981 թ.-ին նա Դետրոյտում բեմադրել է «Անուշ» օպերան անգլերենով, որը մեծ հաջողություն է ունեցել և երկրորդ անգամ բեմադրվել է 20 տարի անց այդ նույն թատրոնում՝ արդեն հայերենով:
Բացի այդ, Բաբազյանը ժամանակին մեծ արձագանք ունեցած ու քննադատների ոչ միանշանակ կարծիքին արժանացած «Արշակ 2» օպերայի բեմադրիչն է:
«Արշակ 2» օպերան բեմադրվել է աշխարհի ամենահեղինակավոր թատրոններից մեկում Սան Ֆրանցիսկոյում և բոլոր վեց ներկայացումներին էլ լիքը դահլիճ է հավաքել (12 հազար հանդիսատես)>,- ասաց Բաբազյանը` մեկնաբանելով բեմադրությունից հետո հայկական ԶԼՄ-ների տարածած քննադատությունը:
Ներկայացումների բեմադրությունից բացի Բաբազյանը զբաղվում է նաև թարգմանչական աշխատանքով և ներկայումս իրականացնում է «Կարինե» օպերայի բեմադրությունը ֆրանսերենով:
Այս տարի Բաբազյանը պարգևատրվել է հայ գրականության դասական Վահան Թեքեյանի մրցանակով թատրոն անվանակարգում՝ «Ամառային գիշերվա երազ» և «Դոն Քիշոտ» ներկայացումների բեմադրության համար: -0-