Հայաստանի հարավում հոսպիտալացված տասը երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա ախտորոշումը

09.09.2009, 13:13
Հայաստանի հարավում հոսպիտալացված տասը երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա ախտորոշումը

Հայաստանի հարավում գտնվող մանկապարտեզներից մեկի՝ աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացված 25  երեխաներից տասի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ շիգելա զոննեն, տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

«Այժմ Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 4 մանկապարտեզի երեխաների շրջանում արձանագրված սննդային տոքսիկոինֆեկցիայի կապակցությամբ հոսպիտալացված հիվանդների թիվը 25-ն է, որից 5-ը` տնային ստացիոնար: Հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում 10-ի մոտ արձանագրվել դիզենտերիայի հարուցիչ շիգելա զոննե», - ասվում է տեղեկատվության մեջ:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն հաղորդագրություն է ստացվել առ այն, որ Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել թիվ 4 մանկապարտեզի 7 երեխա` աղիքային երևույթներով:

Ահազանը ստանալուն պես նախարարի ղեկավարությամբ կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի այցը Սիսիան:

Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում նախնական ախտորոշմամբ արձանագրվել է սննդային տոքսիկոինֆեկցիա: Անմիջապես ձեռնարկվել են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ (հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվել են բակային համայցեր, կատարվել է օջախների ախտահանում, մանկապարտեզի ողջ անձնակազմը ենթարկվել է մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև մանկապարտեզում եղած սննդամթերքի լաբորատոր քննություն):

Ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը, հիվանդության նշաններ ունեցողները հոսպիտալացվել են:-0-