Հայաստանը շարունակում է 133 երկրների թվում Համաշխարհային մրցունակության ցուցանիշով 97-րդ տեղում մնալ. զեկույց

08.09.2009, 14:53
Հայաստանը շարունակում է 133 երկրների թվում Համաշխարհային մրցունակության ցուցանիշով 97-րդ տեղում մնալ. զեկույց
Հայաստանը շարունակում է 133 երկրների թվում Համաշխարհային մրցունակության ցուցանիշով 97-րդ տեղում մնալ. զեկույց

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2009 թ.-ին, ինչպես և անցյալ տարի, Համաշխարհային մրցունակության ցուցանիշով 133 երկրների թվում շարունակում է մնալ 97-րդ տեղում, ասաց «Տնտեսություն և արժեքներ»  հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

«Այս մասին  են վկայում 2009-2010 թթ.-ի Մրցունակության համաշխարհային  զեկույցի տվյալները` անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից»,- երեքշաբթի նա ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:   

Նրա խոսքերով՝ մրցունակության տեսակետից Հայաստանը 2009 թ.-ին անցել է զարգացման որակական նոր փուլ, որում փոխվել է մրցունակության խթանիչների դերը:

«Այս տարի Հայաստանի մրցունակության ցուցանիշի վրա այլ գործոններից զատ ազդել են  տնտեսական արդյունավետության ու նորարարական հնարավորությունների գործոնները»,- ասաց նա:  

Հերգնյանը նշեց, որ այս տարի ՄՀԶ-ում Համաշխարհային մրցունակության ցուցանիշով առաջին տեղում է Շվեյցարիան, որը գերազանցել է անցյալ տարվա առաջնորդ ԱՄՆ-ին, որը ֆինանսական շուկաների ու մակրոտնտեսական կայունության ցուցանիշների որոշակի վատթարացման պատճառով իջել է երկրորդ հորիզոնական:  

 «Մրցունակության ցուցանիշով առաջատար հնգյակում են նաև Սինգապուրը, Շվեդիան և Դանիան»,- պարզաբանեց նա:  

Հետազոտական կենտրոնի նախագահը նշեց նաև, որ ԱՊՀ երկրներում փոփոխություններ գրացվել են հիմնականում մրցունակության իջեցման գծով, բացառությամբ Ադրբեջանի: Մասնավորապես, մեծ անկում է գրանցվել Ռուսաստանում (12 կետով անցյալ տարվա համեմատ)  և Ուկրաինայում (10 կետով):

«Այսպիսով՝ Ադրբեջանը գտնվում է 51-րդ հորիզոնականում, Վրաստանը` 90-րդ, Ղազախստանը` 67-րդ, Ղրղզստանը` 123-րդ, Ռուսաստանը` 63-րդ, Տաջիկստանը` 122-րդ, իսկ Ուկրաինան` 82-րդ տեղում»,- ասաց Հերգնյանը:  

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցին մասնակցում է արդեն 5-րդ անընդմեջ: Այս տարի հարցումներին մասնակցել են հայկական 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ խոշոր և փոքր ու միջին բիզնեսի ոլորտից:

Համաշխարհային տնտեսական ֆորումը անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն աշխարհում իրավիճակը բարելավելն է՝ առաջատարների միջև գործընկերության հաստատման միջոցով՝ գլոբալ մասշտաբով, ինչպես նաև տարածաշրջանների ու բնագավառների մակարդակով օրակարգ ձևավորելու համար:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» Մրցունակության համաշխարհային ցանցի գործընկերն է: -0-