ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Առավոտյան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երեկոյան՝ Nabucco-ն…»: Այսպես վերափոխելով անմահ «12 աթոռի» կերպարի արտահայտությունը՝ կարելի է բնութագրել Հայաստանը այդ նախագծում ներառելու հեռանկարները: Այդ հեռանկարներին է նվիրել իր հոդվածը «Կոմերսանտ» թերթը:
«Կոմերսանտը» նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման ակտիվացված գործընթացը հանգեցրեց նրան, որ օտարերկրյա ԶԼՄ-ներում ավելի հաճախ է խոսվումտարածաշրջանային խոշոր էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալու հնարավորության մասին, մասնավորապես այն մասին, որ քաղաքական առումով անկայուն Վրաստանին Nabucco նախագծում կարող է փոխարինել Հայաստանը:
Միաժամանակ նշվում է, որ Հայաստանը տարրանցիկ երկիր վերածելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը դիտարկվում է որպես ռեսուրսային բազա Nabucco-ի համար:
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործանախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք ընթանում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորություն է ձեռք բերվել «քաղաքական խորհրդատվություններ» սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ: Քաղաքական խորհրդակցությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվեն երկու արձանագրությունները, որոնք կներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը:
Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի լուծված չլինելու պայմաններում հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է իր շահերին, ինչը նշանակում է, որ Բաքուն երբեք չի համաձայնի Հայաստանի միջով իր գազի տեղափոխման գաղափարի հետ՝ առանց ղարաբաղյան խնդրի՝ իր համար ընդունելի կարգավորման:
Ինչ վերաբերում է օտարերկրյա ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին, ապա թուրքական Star թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ուրբաթ գրել է, որ Անկարան լիովին կարող է աջակցել Nabucco-ին Երևանի միանալու գաղափարին, որում Հայաստանը կարող է փոխարինել քաղաքական իմաստով անկայուն Վրաստանին, իսկ ադրբեջանական Ekspress թերթը մեջբերել է Բաքվի Տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաբիթ Բագիրովին, ով ենթադրել է, որ «ԵՄ-ն կարող է պահանջել տեխնիկական փոփոխություններ մտցնել Nabucco-ում, որպեսզի այն անցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի միջով»:
«Թուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը, մեկնաբանելով այդ հնարավորությունը, հայտարարել է «Կոմերսանտին», որ նման սցենարը սկզբունքորեն իրական է: «Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսմանն ուղղված նախնական պայմանավորվածության մասին արձանագրության ստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հասկացրեց, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի բոլոր էներգետիկ նախագծերին: Ու թեև նա չնշեց Nabucco-ն, բոլորը հասկացան, թե ինչի մասին է խոսքը,- պարզաբանել է Օհանը: Մինչև տարեվերջ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են ճշտել Nabucco-ի ուղին, այդ պատճառով Անկարայում սկսել են արագացված տեմպերով պատրաստել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման արձանագրությունը: Դեռևս ժամանակը չէ այդ մասին պաշտոնապես խոսելու համար, սակայն դեռ մեկ տարի առաջ, երբ սկսվեց Վրաստանի պատերազմը, ես կանխատեսում էի, որ Nabucco-ն Ադրբեջանով կանցնի Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա: Եվ մեր արտգործնախարարը հաստատեց, որ դա լավ գաղափար է»:
Հարկ է նշել, որ օգոստոսի 31-ին թուրք և հայ արտգործնախարարների հանդիպման արձանագրության մեջ ասվում է, որ «կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն լավագույնս օգտագորել երկու երկրների միջև տրանսպորտի, կապի միջոցներն ու էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը»:
Մեկնաբանելով այդ ժամկետները՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (որի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», 20 տոկոսը՝ ՀՀ կառավարությանը) վարչության նախագահ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է «Կոմերսանտին», որ այժմ խոսքը միայն Անդրկովկասում տեղական էներգետիկ նախագծերի զարգացման մասին է, իսկ Nabucco-ն այդ նախագծերի թվում չէ: Նրա խոսքերով՝ քննարկվում է Թուրքիա ռուսական գազի մատակարարման հնարավորությունը և իրանական գազի մատակարարումը Հայաստանի էլեկտրացանցեր, իսկ էլեկտրաէներգիան՝ ետ դեպի Իրան:
«Կոմերսանտը» նշում է, որ ավելի վաղ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը խոսում էր Իրանի և Թուրքիայի միջև փոխադարձ գործողությունների հնարավորության մասին: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում այդ մատակարարումները կարող են կազմակերպվել հենց Հայաստանի միջով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում