Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ավարտը կարող է օգուտ բերել ողջ Կովկասին, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Եթե այս երկխոսությունն ավարտվի, որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, լարվածությունը կթուլանա և կվերականգնվի պետությունների փոխգործակցությունը, և դա միայն ողջ Կովկասին ի շահ կլինի»,- ասաց Բորդյուժան հինգշաբթի «ՀԱՊԿ ինստիտուտը. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման նոր գործիքը» թեմայով Երևան-Մոսկվա տեսաասուլիսի ժամանակ:
Ընդ որում Բորդյուժան նշեց, որ երկխոսությունը, որն արդեն սկսվել է ու «երկու փաստաթղթերի առնչությամբ պայմանավորվածություն կա», արդեն լուրջ առաջընթաց է:
Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Միջազգային ինտեգրման ինստիտուտի նախագահ Միխայիլ Ստարշինովն իր հերթին կարծում է նաև, որ հարաբերությունների ցանկացած նորմալացում միայն ի շահ կլինի, այդ թվում, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերությանը:
«Այն, ինչ արվում է Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների միջև, այն, որ դուք ընդհանուր լեզու եք գտնում, ես կարող եմ միայն ուրախանալ: Կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի խանգարի, հակառակը կբարելավի փոխհարաբերություններն ու համագործակցությունը»,- ընդգծեց նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-