Հայկական խորհրդարանի խոսնակը կարևորել է միջազգային համագործակցությունը ընտրական համակարգերում առկա խնդիրների լուծման համար

03.09.2009, 14:33
Հայկական խորհրդարանի խոսնակը կարևորել է միջազգային համագործակցությունը ընտրական համակարգերում առկա խնդիրների լուծման համար

Հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ միջազգային համագործակցությունը շատ կարևոր է ընտրական համակարգերում առկա խնդիրների լուծման համար:  

Այս մասին նա ասաց հինգշաբթի Եվրոպական երկրների ընտրությունների կազմակերպիչների ընկերակցության 18-րդ համաժողովի բացման ժամանակ:

«Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար ընտրական համակարգը կարևորագույն ռազմավարական ռեսուրսներից մեկն է: Հարգելով և պաշտպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` շարունակական ջանքեր ենք գործադրում դրանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը:

Որպես կանոն, ժողովրդավարական բոլոր պետությունների ընտրական համակարգերում և մասնավորապես` ընտրական իրավունքի պաշտպանության գործում առկա են ընդհանուր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ, ընդհանուր են նաև խնդիրները, որոնց համար հնարավոր է լուծումներ գտնել միայն համատեղ ուժերով` փոխադարձաբար ուսումնասիրելով մեկս մյուսի փորձը:

«Հայաստանը վճռական է տրամադրված այլ երկրների հետ համագործակցությանը առկա խնդիրների լուծման համար»,- ընդգծեց խորհրդարանի նախագահը:

Աբրահամյանը հավելեց, որ ժողովրդավարական կառավարման համակարգի կայացման համար խիստ կարևոր է քաղաքացիական հասարակության իրական կայացումը:

Խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 28 երկրի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում բացվել է զարգացած երկրների ընտրական գործընթացներում կիրառվող տեխնիկական միջոցների ցուցահանդես:

Ամեն տարի համաժողովն անցկացվում է անդամ-երկրներից մեկում, և տվյալ երկիրն այդ տարվա ընթացքում նախագահում է Ընկերակցությունում:

Խորհրդաժողովը ֆինանսավորում են ՀՀ ԿԸՀ-ն ու Ասոցիացիան՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ընկերակցությունը հիմնադրվել է 1991թ.-ին: Ընկերակցության քարտուղարությունը գտնվում է Բուդապեշտում: Ընկերակցության անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Խորվաթիան, Հայաստանը, Հունգարիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Վրաստանն ու Ուկրաինան:-0-