ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր, վոկալիստ, ջազմեն և «Շերբուրյան հովանոցներ» աշխարհահռչակ ստեղծագործության հեղինակ Միշել Լեգրանի բացառիկ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
«Սա Լեգրանի առաջին մենահամերգն է Երևանում, մինչ այդ նա այցելել է Հայաստան, սակայն ելույթ է ունեցել հավաքական համերգներում, այդ թվում նաև Շառլ Ազնավուրի հետ: Լեգրանը շատ ոգեշնչված էր Երևան կատարած այցելությամբ և գոհունակությամբ է ընդունել մեր հրավերը», - հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց հայտնի հայ ջազմեն Լևոն Մալխասյանը:
Նրա խոսքերով, Լեգրանը ելույթ կունենա Երևանում հայտնի վոկալիստուհի Քրիստինա Լեգրանի հետ, ով ելույթ է ունեցել հայտնի ջազային խմբերի հետ, ինչպես նաև իր կնոջ՝ տավիղահարուհի Քատրին Միշելի հետ, ով կնվագակցի նրան մի քանի համարներում:
«Լեգրանը խնդրեց, որպեսզի նրան նվագակցի Հայաստանի որևէ համույթ, և մենք որոշեցինք, որ համերգը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ», - ասաց Մալխասյանը՝ պարզաբանելով, որ Լեգրանը, ով Երևան է ժամանում սեպտեմբերի 12-ին, երկու օրվա ընթացքում ամենօրյա փորձեր կանցկացնի նվագախմբի հետ:
Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Մալխասյանը նշեց, որ բացի հայտնի և բարձր վարկանիշ ունեցող մեղեդիներից՝ մաեստրոն կկատարի նաև ջազային ստանդարտներ, ինչպես նաև համարներ երգչուհու մասնակցությամբ:
«Նրա երաժշտական դիապազոնն այնքան լայն ու հարուստ է, որ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի ջազմաններն իրենց վրա զգացել են Լեգրանի ազդեցությունը: Առանց նրա երաժշտության ջազային արվեստը, ջազային ժանրը շատ աղքատ կլինեին», - ընդգծեց նա:
Ինչպես տեղեկացրեց Մալխասյանը, համերգը կտևի 90 րոպե՝ առանց ընդմիջման, այդպես է ցանկացել Մաեստրոն:
«Նա ինքն է վարելու համերգը, ինչպես նաև երգելու է վոկալիստուհու հետ», - ավելացրեց նա:
Երևանում Լեգրանի համերգի գլխավոր հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան բանկը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Արմավիա» ԲԲԸ-ն և Երևանի կոնյակի գործարանը:
Որպես գործընկերներ հանդես են գալիս «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը, «Բալ» իվենթ-ընկերությունը, ինչպես նաև «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը: Համերգի կազմակերպիչներն են City Lights Productions-ը (GB, London) և «Մալխաս» ջազ-ակումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:
«Բալ» իվենթ-ընկերության գործադիր տնօրեն Աննա Գրիգորյանը հույս է հայտնել, որ համերգը կդառնա հիասքանչ և գեղեցիկ իրադարձություն սեպտեմբերյան Երևանի կյանքում:
Ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար և գործիքավորող Միշել Լեգրանը երեք անգամ արժանացել է «Օսկարի» «Երաժշտություն և Կինո» անվանակարգում, տասներկու անգամ՝ Սեզար եվրոպական մրցանակի և հինգ անգամ դարձել է «Գրեմի» հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Լեգրանը երաժշտություն է գրել 200 ֆիլմի համար և ձայնագրել է ավելի քան 100 ալբոմ, այդ թվում նաև ջազային և սիմֆոնիկ ժանրերում:
Մաեստրոն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան և Էդիթ Պիաֆը, Շառլ Ազնավուրն ու Լայզա Մինելլին, Օսկար Պիտերսոնն ու Բարբարա Սթրեյզանդը, Մայլս Դևիսն ու Դայանա Ռոսսը, Սթեն Գեթցն ու Ստեֆան Գրափելլին, Ռեյ Չարլզն ու Մորիս Շևալյեն, Քաթրին Դենյովն ու Մարի Լաֆորեն:-0-