Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու մտադրությունը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
«ՌԴ ԱԳՆ-ում դրական են ընդունել Հայաստանի և Թուրքիայի՝ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին պատրաստ լինելու վերաբերյալ լուրը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արտգործնախարարությունից նշում են, որ հայ և թուրք ղեկավարությունների՝ երկու երկրներին մերձեցնելու գործողությունները «գործերի անբարենպաստ վիճակը փոխելու և երկար ժամանակ սառեցված հարաբերությունները նոր կառուցողական հարթություն տեղափոխելու իրական հնարավորություն են ստեղծում»:
«Հուսանք, որ երկու հարևանի միջև հարաբերությունների առողջացումը կհանգեցնի երկկողմ առևտրատնտեսական շփումների, դրական անդրադարձ կունենա երկու երկրների սոցիալ-տնտեսական դրության վրա, ինչը պակաս կարևոր չէ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- նշված է փաստաթղթում:
ՌԴ ԱԳՆ կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները «կնպաստեն տարածաշրջանի իրավիճակի առողջացմանը, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»: «Ուրախ կլինենք, եթե զուտ այդ երկրների ներքին գործը հանդիասցող խորհրդատվությունները պսակվեն անկախ պայմանավորվածության ելքով»:-0-