Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների և ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի ընթացքում։
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը հիշեցրեց, որ նախօրեին տարածվել է համատեղ հայտարարություն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաև համաձայնեցված փաստաթղթերը՝ «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը:
Նախագահը նշեց, որ Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը:
«Մենք փորձել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարևան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին»,- ասաց Սարգսյանը։
Նախագահի խոսքերով, հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականություն, որոնցից մեկն, ինչպես նա բազմիցս ասել է, Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ այլ խնդրի հետ կապված որևէ նախապայման:
«Երկրորդ, ինչպես և պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձևաչափով»,- ասաց Սարգսյանը։
Երրորդ, ինչպես նշեց երկրի ղեկավարը, առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարևորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ:
«Ես կարևորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում և Հայաստանում, և Սփյուռքում: Պետք է մանրամասնեք և բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները` դրական և, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով»,- նշեց Սարգսյանը։
Երկրի ղեկավարը նշեց նաև, որ մոտ ժամանակներում ակտիվ քննարկումների անցկացում է ակնկալում սփյուռքի հայկական համայնքներում և միջազգային հետազոտական կենտրոններում։
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է «ճանապարհային քարտեզի» սահմանման մասին։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-