Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն ստորագրելու հավանականության տոկոս կա, և այն բավականին մեծ է, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Պետք է գործընթաց սկսվի: Այդ գործընթացի ընթացքում հասարակության ներսում բոլոր «կողմերի» և «դեմերի» քննարկումներ կլինեն, և իհարկե, կա հավանականություն, որ այն ստորագրվի»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Բեքարյանը:
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին: Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:
Ընդ որում, Բեքարյանն ընդգծեց փաստաթղթի ստորագրման նախանշված ժամկետների առկայության կարևորությունը:
«Շատ լավ է, որ կան որոշակի ամսաթվեր, քանի որ այդ գործընթացը կարող էր անվերջ ձգվել՝ չհանգեցնելով ոչ մի արդյունքի, այն, ինչ միշտ ձեռնտու է եղել թուրքական կողմին»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքերով, թուրք առաջնորդների հայտարարություններում և իրականում զարգացող գործընթացում կան հակասություններ, որոնք սահմանվել են դեռ «ֆուտբոլային դիվանագիտության» ամենասկզբում:
«Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասում է մի բան, նախագահ Գյուլը՝ մի ուրիշ բան, Թուրքիայի ներկա արտգործնախարար Դավութօղլուն, իսկ մինչ նա նախկին արտգործնախարար Բաբաջանը հայտարարում էին լրիվ հակառակը: Հիմա մենք միևնույն գործընթացի վկաներն ենք»,- կարծում է նա:
Մեկնաբանելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատելու առնչությամբ խորհրդատվությունների սկզբի մասին պայմանավորվածության հաստատումը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան տվյալ փուլում հարևան Հայաստանի հետ սահմանի բացում չի ծրագրում:
«Ամենակարևորն այն է, որ եթե որևէ բան այն հունով չգնա, ինչպես նշված է արձանագրություններում, դրա համար շատ լուրջ պատճառներ պետք է լինեն»,- ասաց Բեքարյանը:
Հայ քաղաքագետը կարծում է նաև, որ միջազգային հանրության, հիմնականում ԱՄՆ-ի, մասամբ էլ Եվրամիության կողմից, կողմերի վրա որոշակի ճնշում է գործադրվում խորհրդատվությունների և փաստարկների ձևաչափում:
«Թուրքիան իր վրա դա քանակական չափով ավելի շատ է զգում, քան Հայաստանը»,- ընդգծեց Բեքարյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-