Հայաստանի տնտեսության մեջ ռուսական վարկի միջոցներից արդեն շուրջ 38,6 միլիարդ դրամ է ներդրվել. նախարար

28.08.2009, 15:04
Հայաստանի տնտեսության մեջ ռուսական վարկի միջոցներից արդեն շուրջ 38,6 միլիարդ դրամ է ներդրվել. նախարար
Հայաստանի տնտեսության մեջ ռուսական վարկի միջոցներից արդեն շուրջ 38,6 միլիարդ դրամ է ներդրվել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տնտեսության մեջ ռուսական վարկի միջոցներից արդեն շուրջ 38,6 միլիարդ դրամ (շուրջ 102,6 միլիոն դոլար) է ներդրվել, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ռուսաստանը 2009թ.-ի հունիսի 12-ին մեկ տրանշով ՀՀ կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 միլիոն դոլարի կայունացման վարկ, որը տրամադրված է LIBOR +3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու համար:

Նշելով, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել այդ վարկային միջոցների զգալի մասը ուղղել իրական տնտեսություն՝ Դավթյանն ասաց, որ դրամային համարժեքությամբ ընդհանուր փաթեթը կազմում է շուրջ 185 միլիարդ դրամ (շուրջ 492 միլիոն դոլար):

«Արդեն որոշում է ընդունվել այդ գումարից 120 միլիարդ դրամը (շուրջ 319,1 միլիոն դոլար) հատկացնել տնտեսության խթանմանն ու զարգացմանը, իսկ շուրջ 38,6 միլիարդ դրամը (մոտավորապես 102,6 միլիոն դոլար) արդեն ներդրվել է տնտեսության մեջ», - պարզաբանեց նա:

Այս կապակցությամբ նախարարն ընդգծեց, որ կառավարությունը բավականին ինտենսիվ քայլեր է կատարում, որպեսզի «մնացած ռեսուրսները հնարավորին չափ արագ հասնեն իրական տնտեսություն», այդ թվում նաև՝ տնտեսվարող սուբյեկտներին և փոքր ու միջին բիզնեսին:

«Սրանք հսկա ռեսուրսներ են, որոնք ամբողջովին հնարավոր կլինի տեղաբաշխել մոտակա ամիսների ընթացքում», - ասաց Դավթյանը:-0-