ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ճանաչված հայ գեղանկարիչ Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որը խիստ վնասվել էր 1988թ.-ի երկրաշարժից, արդեն վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից ու տեղադրվել Շիրակի մարզի իր հայրենի Ջաջուռ գյուղի թանգարանում:
Ինչպես «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը, վերականգնումը մեկ տարի է տևել ու ավարտվել այս շաբաթ:
Ավետիսյանի խոսքերով, վերականգնումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է եղել՝ հաշվի առնելով որմնանկարի չափսերն ու վնասվածության աստիճանը:
«Տեմպերայով արված որմնանկարները չէին կարող չտուժել երկրաշարժից հետո: «Թորոս Ռոսլինի ծնունդը» վնասվել էր 20 տոկոսով: Վերականգնողներն իսկապես հսկայածավալ աշխատանք են արել»,- ասաց Թանգարանի տնօրենը:
Ավետիսյանն ընդգծեց, որ նկարչի ևս 8 որմնանկար փրկության կարիք ունի: Իտալացի մասնագետ Լորենցո Կասամենտիի խոսքերով, վերականգնման ժամանակ հատկապես դժվար էին գույների հետ կապված մասերը:
«Մինասն օգտագործել է լույսի և ստվերի գունային այնպիսի համադրություններ, որոնք հատուկ են միայն մեծ նկարիչներին և շատ դժվար էր վերարտադրել: Բայց մենք գոհ ենք մեր աշխատանքից»,- ասաց Կասամենտին:
Իր հերթին, ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը հայտնեց, որ վերականգնման ֆինանսավորումը, որը շուրջ 10 մլն դրամ է կազմել, իր վրա է վերցրել ՀՀ կառավարությունն ու Մշակույթի նախարարությունը:
2008 թ.-ի հունիսին Հայաստան են ժամանել ֆլորենտինական «Պալացո Սպինելի» Արվեստների ու վերականգնման ինստիտուտի երկու նկարիչ-վերականգնող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը վերականգնելու նպատակով: Այն նկարված է եղել Գյումրի քաղաքի Էլեկտրատեխնիկական ֆաբրիկայի ճաշարանի պատին, ընդ որում այդ շինության պատերը զարդարված են վարպետի ևս հինգ որմնանկարով:
Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։
1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։ 1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-