Հայկական բանտերի գրադարանային ֆոնդը համալրվել է դասական գրականությամբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքերով, Երևանի բնակչուհի Շուշանիկ Պետրոսյանը օրերս հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ, ինչը, հիրավի, արժանի է գովասանքի և երախտագիտության՝ քրեակատարողական ծառայությանը հանձնելով 250 գիրք իր սեփական գրադարանից:
«Նա, լրատվամիջոցներից տեղեկանալով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մոտ առկա է գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն, իր անձնական գրադարանի մի մասը (շուրջ 250 կտոր), որտեղ գերակշռում են դասականների փայլուն ստեղծագործությունները, նվիրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ հարստացնելով գրադարանային ֆոնդը»,- ասաց Բաբայանը:
«Քրեակատարողական ծառայությունում վստահ են, որ այդ գրքերը երբեք չեն մնա գրադարանի դարակներում շարված և առավելագույնը կծառայեն իրենց կոչմանը, ինչն է՝ վեհացնել մարդու հոգին և սերմանել մարդկային վսեմ արժեքներ»,- նշեց նա: -0-