ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ղարաբաղյան հարցում կանգնած են բարդ երկընտրանքի առաջ, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Վահան Դիլանյանը:
Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կանգնած են բարդ երկընտրանքի առաջ, կամ մերժել «Մադրիդյան սկզբունքները» և պահպանել առկա «ստատուս-քվոն», կամ գնալ արժանի ապագա կառուցելու ճանապարհով, որի դեպքում երկու պետությունների միջև փոխհարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության վրա»,- ասաց նա:
Դիլանյանի կարծիքով մադրիդյան սկզբունքները արմատապես նոր մոտեցումներ չեն պարունակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և հազիվ թե իրավիճակը կփոխվի փաստաթղթի նորացված տարբերակում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-