Զարգացման եվրասիական բանկը դիտարկում է Հայաստանում և Բելառուսում ատոմային էլեկտրակայանների շինարարության ֆինանսավորմանը մասնակցելու հնարավորությունը, երեքշաբթի հայտնեց ԶԵԱԲ տնտեսական վերլուծության ու խորհրդատվության բաժնի պետ Եվգենի Վինոկուրովը:
«Բանկը պատրաստ է միանալ նախագծի ֆինանսավորմանը (Հայաստանում ԱԷԿ շինարարություն. խմբ.)»,- ասաց Վինոկուրովը Ալմաթիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հստակեցրեց, որ առայժմ «որոշակի պայմանավորվածություններ չկան»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագիծը շատ թանկարժեք է, կոպիտ հաշվարկով, նման ռեակտորը շուրջ 4 մլրդ դոլար արժե»,- պարզաբանեց ԶԵԱԲ ներկայացուցիչը:
Հայաստանը ավելի վաղ հայտարարել էր շուրջ հազար ՄՎտ հզորությամբ և մոտավորապես 1,5-2 մլրդ դոլար արժողությամբ նոր ԱԷԿ կառուցելու մտադրության մասին:
Վինոկուրովը նշեց, որ դիտարկվում է նաև համանման մի նախագիծ Բելառուսում ֆինանսավորելու հնարավորությունը, որի իրականացման համար ԶԵԱԲ-ը «կարող է ինչպես մասամբ տրամադրել ֆինանսավորումը», այնպես էլ համալրել կազմակերպիչների շարքերը:
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 միլիարդ դոլար։-0-