Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման տվյալ փուլում ձեռնարկված քայլերը արմատական չեն, կարծում է, «Ազգային ինքնորոշում» միավորում կուսակցության առաջնորդ, խորհրդային ժամանակների հայտնի քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը:
«Լինում են կոսմետիկ որոշումներ, լինում են՝ արմատական: Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում արմատական որոշում չէ, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակը բարելավելու փորձ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերություններում պետք է ճիշտ գնահատել բոլոր երևույթներն ու չի կարելի անտեսել խնդրի արմատները:
«Բարեբախտաբար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի հստակություն մտցրեց այս հարցում»,- ասաց Հայրիկյանը:
Նրա խոսքերով նախագահը հստակ պայման է դրել, եթե ճանապարհները բացվեն, նա կմեկնի երկու հավաքականի միջև պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու, որը կկայանա հոկտեմբերին Թուրքիայում:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։
Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0--