Բեյրութում կանցկացվի «Հայոց Ցեղասպանությունը և միջազգային օրենքը» միջազգային խորհրդաժողովը
«Հայոց ցեղասպանությունը և միջազգային օրենքը» միջազգային խորհրդաժողովը կանցկացվի սեպտեմբերի 3-4-ը Բեյրութի Հայկազյան Համալսարանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համալսարանից: Միջոցառումը կազմակերպել են Հայկազյան Համալսարանն ու Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակը:
«Հայ Դատի» կոմիտեները գործում են «Դաշնակցություն» կուսակցության կառույցում և աշխարհի շատ երկրներում զբաղվում են կազմակերպչական, քաղաքական, տեղեկատվական-վերլուծական և լոբբիստական գործունեությամբ: «Հայ Դատի» կոմիտեների գլխավոր նպատակներից մեկը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է:
«Խորհրդաժողովի ընթացքում ակադեմիական տեսակետից կքննարկվեն Հայոց
Ցեղասպանության ուրացման-ճանաչման հարցերը, Միջազգային օրենքի համատեքստում ցեղասպանության հետևանքների վերացման և հայ ժողովուրդի իրավունքների խնդիրները», - ասվում է տեղեկատվության մեջ:
Խորհրդաժողովին կմասնակցեն ցեղասպանագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ՝ Եգիպտոսից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Իռլանդիայից, Լիբանանից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից: Ծրագրվում է նաև հրատարակել խորհրդաժողովի նյութերը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—