Իններորդ դարի նավի կրկնօրինակով կառուցված նոր հայկական առագաստանավը օգոստոսի 29-ին կիջեցվի Սևանա լիճ, կիրակի լրագրողներին է ասել «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
«Մեկ շաբաթ անց National Instruments ընկերության ֆինանսական աջակցությամբ կջրարկվի նոր առագաստանավ», - ասել է Բալայանը:
Նրա խոսքերով, նոր առագաստանավը կլինի «Նաիրի» ավանդական ձկնորսական նավի ճշգրիտ կրկնօրինակը:
«Նաիրի» առագաստանավը կառուցվել է ձկնորսական նավի ոճով սոճուց և կշռում է 1 տոննա: Այն ունի 9 մետր երկարություն, 2,5 մետր լայնություն, առագաստանավը նախատեսված է 15 ուղևորի համար: Նավը կառուցվել է հայ նկարիչներ Բաշինջաղյանի և Թերլեմեզյանի էսքիզների համաձայն՝ հնագույն գծագրերի հիման վրա:
Բալայանի խոսքերով, նպատակը տասը նավ կառուցելն ու մրցարշավներ կազմակերպելն է: «Այդ նավի անձնակազմը կարող է հասնել յոթ մարդու, այսինքն մեր ծրագրերի համաձայն, ամենամյա ռեգատային կմասնակցի 70 մարդ», - ասել է Բալայանը:
Նա նշել է, որ նավին անվանում կտրվի ջրարկման պահին, քանի որ նախապես նավին անուն տալը վատ նախանշան է:
«Ծրագիրը նախատեսված է մի քանի տարվա համար, քանի որ մեկ նավի կառուցումը պահանջում է շուրջ կես տարի», - ավելացրել է Բալայանը:
National Instruments ընկերությունը ՏՏ ոլորտում գործող առաջատար կազմակերպություններից է:-0-