«HSBC Հայաստան բանկի» աջակցությամբ 9-րդ դարի նավի օրինակով կառուցված «Նաիրի» ավանդական ձկնորսական առագաստանավի «ծննդյան օրը» կիրակի նշել են Սևանա լճում:
«Այսօր մենք նշում ենք «Նաիրի» նավի տարեդարձը: Այս նավն ուղիղ մեկ տարի առաջ հանդիսավոր կերպով ջուրն է իջեցվել «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի շնորհիվ», - ասել է «HSBC Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը:
Նրա խոսքերով, հույս կա, որ այս նավն ապագայում կմասնակցի առագաստային մրցարշավներում և կխթանի զբոսաշրջության զարգացումը:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Նաիրի» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանն իր հերթին ասել է, որ «ծննդյան օրը», որը հաշվվում է ջրարկման պահից, նավի համար շատ կարևոր իրադարձություն է:
«Մենք շնորհակալ ենք «HSBC Հայաստան» բանկին, քանի որ այդ կազմակերպությունն առաջինն էր, որ արձագանքեց մեր նախագծին: Մեր ծրագրի համաձայն, մենք պետք է մի քանի նման նավ կառուցենք և ամենամյա մրցարշավ (ռեգատա) կազմակերպենք », - ասել է Բալայանը:
Նրա խոսքերով, այս ծրագրի առաջին ծիծեռնակը «Նաիրի» առագաստանավն է:
«Նաիրի» առագաստանավը կառուցվել է ձկնորսական նավի ոճով սոճուց և կշռում է 1 տոննա: Այն ունի 9 մետր երկարություն, 2,5 մետր լայնություն, առագաստանավը նախատեսված է 15 ուղևորի համար:
Նավը կառուցվել է հայ նկարիչներ Բաշինջաղյանի և Թերլեմեզյանի էսքիզների համաձայն՝ հնագույն գծագրերի հիման վրա:
«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc»-ի դուստր բանկն է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Bank plc»-ին «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 70 տոկոսանոց փաթեթի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին: «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջին NASDAQ OMX Հայաստանի անդամն է:-0-