Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ստեղծել են «Տրանսգլոբ» և «Բազզբիզնես» իսպանական ընկերությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, կդիտի ավելի քան 450 միլիոն եվրոպացի, ուրբաթ Երևանում ֆիլմի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բազզբիզնես» ընկերության նախագահ Ջուդիտ Լասկոմբը:
Լասկոմբի խոսքերով, 52-րոպեանոց ֆիլմն արդեն գնել է իսպանական հեռուստաալիքը, որը 40 միլիոնանոց լսարան ունի, ինչպես նաև Ֆինլանդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի առաջատար հեռուստաալիքները: Բանակցություններ են ընթանում իտալական հեռուստաընկերությունների, ինչպես նաև «National Geographic» և «Discovery» հայտնի հեռուստաալիքների հետ:
«Առաջին անգամ ֆիլմը կցուցադրվի Եվրոպայում այս տարի: Ենթադրվում է, որ ֆիլմը կցուցադրվի եվրոպական հեռուստաալիքներով մոտավորապես յոթ տարի», - տեղեկացրեց ընկերության փոխնախագահը:
Նա նշեց, որ ֆիլմը կբարձրացնի Հայաստանի մասին եվրոպացիների իրազեկման մակարդակն ու կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
«Եվրոպայում Հայաստանը ճանաչում են ավելի հաճախ բացասական փաստերով, ինչպիսինն են երկրաշարժն ու Հայոց ցեղասպանությունը: Մենք նպատակ էինք հետապնդում ներկայացնել Հայաստանը դրական լույսի ներքո՝ պատմամշակութային ժառանգության հետ միասին ներկայացնելով նաև այս երկրի՝ ապագայի հանդեպ ունեցած ձգտումը», - ասաց Լասկոմբը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ ֆիլմի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է իսպանական ընկերություններին, սակայն նրա ստեղծման համար նախատեսված 225 հազար եվրոն հատկացվել է ՀՀ պետական բյուջեից:
«Այս նախագիծը համապատասխանում է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին կառավարության հայեցակարգին: Ֆիլմի ստեղծման տեսակետից այն շատ հաջող նախագիծ է», - ասաց Պետրոսյանը: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում ուրբաթ օրը:-0-