Հյուրընկալություն՝ ֆոտոխցիկի դիմաց

18.08.2009, 17:52
Հյուրընկալություն՝ ֆոտոխցիկի դիմաց

Գյումրի քաղաքի 25-ամյա բնակիչ Արամ Ս.-ն Հայաստանի Ոստիկանության կողմից կասկածվում է Լեհաստանից ժամանած զբոսաշրջիկներից իրեր գողանալու մեջ, տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։

«Օգոստոսի 16-ին ոստիկանության Սևանի բաժին է դիմել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Լուչկևիչ Վ.-ն, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում, ինքը և իր փեսացուն` Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Փիչլինսկի Ք.-ն ծանոթացել են ոմն Արթուրի հետ, որն իր ընկերոջ հետ իրենց հրավիրել է տուն` գիշերելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության տվյալներով, գիշերը լեհ զույգը զգացել է, որ ինչ-որ մեկը բացում է իրենց ճամպրուկները, որոնք դրված են եղել կողքի սենյակում, իսկ առավոտյան գալով Երևան` պարզել են, որ ճամպրուկից գողացել են 10 ռումինական լեյ, 60 ռումինական մետաղադրամ, 10 բուլղարական լև և «Նիկոն» տեսակի թվային ֆոտոխցիկ` 200 ԱՄՆ դոլար արժողության:

«Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 17-ին, ժամը 01.00-ին, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 25-ամյա Արամ Ս.-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կատարվում է հետաքննություն, իրավապահ մարմինները պարզում են պատահածի հանգամանքները: -0-